Չուռռոս֊շաբթի

Ընտանեկան քաղցր ավանդույթ

Այսօր չորեքշաբթի է՝ չուռռոսի օր։
Սա մեր փոքրիկ ընտանիքում ձևավորված նոր ավանդույթներից մեկն է, կարելի է ասել ամենասիրելին։ Ամեն չորեքշաբթի մեր քաղաքի կենտրոնում ֆերիա է՝ շրջիկ շուկա, որտեղ տարբեր վաճառակետերում կարող ես գտնել ամեն ինչ՝ հագուստ, սնունդ, նույնիսկ բույսեր ու կենդանիներ։

Ամեն քաղաք ունի ֆերիայի իր օրը, որը հատուկ աշխուժություն է բերում հատկապես տարեցների կյանք, քանի որ սովորաբար վաճառողները գալիս են աշխատանքային օրվա առավոտյան ժամերին և հետևաբար գնումներ կարող են անել մարդիկ, ովքեր այդ ժամանակ աշխատանքի չեն։

Մեր ամենասիրած հատվածը ֆերիայի սկիզբն է. միշտ նույն անկյունում` համեստ սեղանիկի մոտ գանգուր մազերով կինը չուռռոս է պատրաստում ու վաճառում։ Նա միշտ ժպտում է, ու հարցնում.
֊Ձեզ ինչպես մի՞շտ։
֊Իհարկե, ֊ պատասխանում եմ ու մեկնում €1,5 մետաղադրամները։
Կինը արագ թղթե տոպրակի մեջ է դնում վեց հատ տաք, թարմ խրթխրթան չուռռոս, ավելացնում շատ քիչ շաքարավազ ու մեկնում` անպայման մի որևէ կոմպլիմենտ անելով։

Այդ պահը արդեն մի փոքր արարողություն է դարձել։ Չուռռոսի հոտը, շուկայի աղմուկը, և համարյա միշտ, գալիսիական անձրևը։ Ամեն ինչ միախառնվում է ու ստեղծում մի շատ հավես մթնոլորտ, որ անկախ ամեն ինչից դրական տրամադրություն է փոխանցում ողջ օրվա համար։


Հետո շտապում ենք տուն։
Տանը պատրաստում ենք չուռռոսի անբաժանելի ընկեր տաք շոկոլադը։ Նստում ենք, թաթախում չուռռոսը շոկոլադի մեջ, խմում սուրճ ու մի քանի րոպե պարզապես վայելում պահը` առանց հեռախոսների, առանց շտապելու, առանց ժամացույցին նայելու։


Հիմա, երբ ամեն չորեքշաբթին փոքրիկ տոնի ենք վերածել, կարող եմ խոստովանել՝ շաբաթվա ամենասպասված օրն է։
Ամուսինս նույնիսկ առավոտյան աշխատանքային հանդիպումները տեղափոխում է, քանի որ չորեքշաբթի առավոտը զբաղված է` չուռռոս ենք ուտելու ։))
Եվ որքան էլ փոքր բան թվա, այսպիսի մանր ուրախություններն են, որ մեր ընտանիքին տալիս են ռիթմ, առանձնահատուկ ջերմություն ու միայն մերը լինելու զգացողություն։

(0)
Post a comment0Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!