Ինչպես գնացի Վիետնամ

— Վիետնամում ի՞նչ ես կորցրել։
— Չե՞ս վախում պատերազմից։
— Ջունգլիներում ի՞նչ ես անելու։
— Բայց ահավոր հեռու ա։
— Ռեմբոյին կբարևես։
Լսում էի ես շարունակ, բայց հաստատ էի որոշել. գնալու եմ ու վերջ։ 
8 տարի առաջ Վիետնամի մասին գրեթե ոչինչ չգիտեի։ Գիտեի միայն, որ Ասիայում է, հայտնի է մոտոցիկլետների անվերջ հոսքով և բրնձի դաշտերով։ Պատերազմի մասին էլ լսել էի, բայց գուգլեցի ու տեսա, որ այն 40 տարի առաջ ավարտվել ա :))

Աշխատանքի առաջարկը ստացել էի Վունգ Տաու քաղաքում գտնվող մի մանկապարտեզից՝ AIESEC հեղինակավոր միջազգային կազմակերպության միջնորդությամբ։ Մեկ տարվա աշխատանքային պայմանագիր էինք ստորագրել։ Տրամադրում էին նաև սենյակ մի բնակարանում, որտեղ բնակվելու էի նույն մանկապարտեզի երկու այլ ուսուցչուհիների հետ։ Հրաշալի պայմաններ էին թվում։ Պիտի վճարեի AIESECին՝ իրենց ծառայության համար։ Իհարկե ես նախընտրեցի վճարել այդ գումարը, որպեսզի վստահ լինեմ, որ ապահով գործարք եմ կնքում, վստահելի գործատու է, և որ խնդիրների դեպքում AIESECը պատասխանատու կլինի։ ՍՓՈՅԼԵՐ․ դա ամենևին էլ այդպես չեղավ, բայց այդ մասին ավելի ուշ։  

YouTube-ում գտել էի Վունգ Տաու քաղաքի մասին մի քանի տեսանյութ ու միանգամից սիրահարվել քաղաքին՝ ծովափի մայրամուտը, արմավենիները, կարմիր տանիքներով սպիտակ տները, և այն ժամանակ լրիվ այլ էմոցիաներ առաջացնող Հիսուսի արձանը։ 

Նկարը վերցրել եմ համացանցից

Մինչև մեկնելը մտքումս արդեն հասցրել էի անցկացնել բոլոր այն ֆիլմերը, որտեղ մարդկանց խաբում են ու թրաֆիքինգի ենթարկում։ Ես էլ որոշել էի՝ ամենավատ դեպքում հետադարձ տոմս կգնեմ ու կվերադառնամ։ Կարևորը՝ երբեք խուճապի չմատնվեմ և ոչ մի դեպքում անձնագիրը ուրիշի չտամ։
Ավիատոմսը նույնպես գնեցի տուրիստական գործակալությունից։ Այսօր դա ծիծաղելի է թվում, բայց այն ժամանակ օնլայն տոմս գնելուց վախենում էի, որովհետև փորձ չունեի, և հաճախ լսում էի խարդախությունների մասին։
Գործակալության աշխատակցուհին տպեց տասնվեց ժսմանոց երթուղիս ու մեկնեց ինձ.

EVN – DOH – HCMC
Երևան → Դոհա → Հո Շի Մին Սիթի 

Հո Շի Մինը Վիետնամի հարավում է, ամենամեծ քաղաքն է, այնտեղից ավտոբուսով ևս ժամ պիտի գնայի Վունգ Տաու։ Դոհայի օդանավակայանում հինգ ժամ պիտի սպասեի։ Առաջին անգամ միայնակ ճամփորդողի համար իհարկե սարսափելի էր, բայց տարիներ առաջ արկածախնդիր և վճռական Գոհարիս դա չէր կարող հետ պահել։ Դեռ ավելին՝ փորձում էի ոգևորությունս փոխանցել մորս, որ իր սարսափն էլ մի քիչ մեղմվի։ Ցույց էի տալիս նրան նկարներն ու պատմում երազանքս, որ ամեն բան լավ գնալու դեպքում մի օր միասին կքայլենք Վունգ Տաուի ծովափին։


Հո Շի Մին, Սինգապուր, Սայգոն խառնաշփոթ

Քաթարի օդանավակայանում արդեն մի քանի ժամ սպասելուց հետո հերթական անգամ մոտենում եմ մեծ էկրանին՝ մուտքի համարը ստուգելու։ Բայց իմ թռիչքը չեմ գտնում։ Էկրանին իմ թռիչքի ժամին HCMC ընդհանրապես գրված չէ։
Մի քանի անգամ վերևից ներքև նայելուց հետո սկսում եմ խառնվել։ Մոտենում եմ աշխատակցին։
— Իմ թռիչքը չեմ գտնում էկրանին, գեյթի համարը ո՞նց իմանամ։
— Նստեցման կտրոնը կտա՞ք։
— Ահա, խնդրեմ։
Նայում է թղթին։
— Գնում եք Սինգապու՞ր։
— Չէ, չէ, ի՞նչ Սինգապուր։ Հո Շի Մին, Վիետնամ, — ասում եմ ու նորից նայում ձեռքիս boarding pass-ին՝ DOH – SGN։


DOH-ը հասկացանք՝ Դոհա։ Հիմա հենց Քաթարի օդանավակայանում եմ։ Բայց SGN՞։ Ինչի՞ են գրել Սինգապուր։ Ու այդ պահին ուղեղս սկսում է ամենավատ սցենարները պատկերացնել։
«Սա իմ առաջին մենակ թռիչքն ա, ու ես փաստորեն սխալ երկիր եմ գնում։ Հավանաբար Երևանի օդանավակայանում են սխալ թուղթ տվել։ Ախր ես տոմսը գործակալությունից վերցնելիս հաստատ տեսել եմ HCMC — Ho Chi Minh City։ Ես հիմա գնամ Սինգապուր, ի՞նչ անեմ»։
Այս ամբողջը հասցնում եմ մտածել մի վայրկյանում, ու արդեն զգում եմ՝ ոնց է սիրտս արագ խփում։
Մինչդեռ աշխատակիցը լրիվ հանգիստ դեմքով նայում է ինձ ու շարունակում։
— Աաա, Սայգոն եք գնում։ Էստեղից դեպի ձախ ու մինչև վերջ։
— Չէ, չէ, ի՞նչ Սայգոն։ Ի՞նչ Սինգապուր։ Երևի սխալ կա, ես Վիետնամ եմ գնում, Հո Շի Մին։
— Հա էլի, Սայգոն, Հո Շի Մին… նույն բանն ա։
— Հա՞։
Միանգամից թեթևացած շունչ եմ քաշում։ Բայց մինչև գեյթ հասնելը ճանապարհին էլի մի երկու հոգու եմ հարցնում՝ համոզվելու համար, որ իսկապես ճիշտ երկիր եմ գնում։ Վերջապես մոտենում եմ գեյթին, որտեղ արդեն մեծ տառերով գրված էր՝ HCMC։
Այդ պահին առաջին անգամ զգացի, որ իսկապես գնում եմ Վիետնամ, ու թոռներիս պատմելիքների շարքը սկսված է։

(0)
Post a comment0Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!