Առաջին օրը Սայգոնում

Ինչպես դիմավորեց ինձ Հո Շի Մինը. մշակութային շոկ, հիացմունք ու առաջին միլիոնս

8 տարի առաջ էր, բայց ամեն անգամ հուլիսյան այդ օրը հիշելիս ասես նորից ապրում եմ ամեն վայրկյանը։

Երբ ինքնաթիռը իջավ Հո Շի Մինում, ես շատ ոգևորված էի. տեսնես ինչ է ինձ սպասվում։ Օտարազգիների ժամանողներին պետք էր մոտենալ առանձին պատուհանին ու դիմում գրել` վիզա ստանալու համար։ Այո, վիզան ստանում էինք ժամանման պահին։ Ես շատ լուրջ էի պատրաստվել, նույնիսկ վիզայի դիմումը տանն էի նախօրոք գրել`  մի քանի անգամ արտագրելով, որ հանկարծ ջնջումներ չլինեն։))) Հերթը երկար էր ու շատ դանդաղ էր առաջ գնում։ Արդեն 15 րոպե ընդհանրապես առաջ չէր շարժվում, որովհետև մի ամերիկացի մոռացել էր իր հետ 2 հատ 3×4 լուսանկար բերել։ Ու հիմա ոստիկանի համազգեստով կինը, որ պիտի ընդուներ դիմումս, Canon տեսախցիկը վզին էս ամերիկացուն էր հանգիստ նկարում, հետո էլ ավելի հանգիստ ու անշտապ ընտրում էր լավագույն կադրը, որ տպի։ Երբ հոգնած ու չքնած ես լինում, ամեն վայրկյան ավել սպասելը ահավոր է դառնում։ Վերջապես անցավ անտանելի սպասման հավերժությունը ու եկավ իմ հերթը։ Լուսանկարներս, դիմումը ու գործատուիս հրավերը հանձնեցի, վճարեցի վիզայի վճարը: Մանրը, որ $40 էր, աշխատակիցը տվեց վիետնամական արժույթով՝ 1 115 000 ԴՈՆԳ։
— Մեկ միլի՞ոն, գրողը տանի։ Ես Վիետնամում միլիոնատեր եմ։ Էս երկիրը արդեն սկսում ա դուր գալ, -մտածեցի ես ու անձնագիրս վերցնելով առաջ անցա։

Հաջորդ փորձությունը երկար սպասեցնել չտվեց։ Մոտեցա ուղեբեռի ստացման գոտուն, նայում եմ՝ ճամպրուկներն իրար հետևից պտտվում են կառուսելի վրա, բայց իմ յասամանագույնը չկա։ Սկզբում հանգիստ սպասում էի։ Մտածեցի՝ երևի վերջում կհայտնվի։ Բայց կառուսելն արդեն հինգերորդ պտույտն էր անում, մնացել էին ընդամենը մի քանի մոռացված ճամպրուկ, իսկ իմը՝ չկար։ Սկսեցի այս ու այն կողմ գնալ, հարցուփորձ անել, նորից ստուգել։ Չկար ու չկար։

Վերջապես մոտեցա աշխատակցին, նկարագրեցի ճամպրուկս ու խնդրեցի կապվել ավիաընկերության հետ։ Մոտ քառասուն րոպե բոլոր հնարավոր անկյունները ստուգելուց հետո, նրա օգնությամբ, վերջապես գտանք այն։ Պարզվեց՝ ինչ-որ «բարի» մարդ, իր ճամպրուկը վերցնելիս, իմը և ևս երկու ուրիշ ճամպրուկ պարզապես իջեցրել էր գոտուց ու թողել կողքը։ Կորած հարազատին գտնողի խանդավառությամբ գրկեցի ճամպրուկս ու վերջապես քայլեցի դեպի ելքը։

Դռների մոտ կանգնած մարդիկ թղթերի վրա գրված անուններով դիմավորում էին ժամանողներին։ Թերթիկներից մեկի վրա գրված էր՝ Ms Gorha։ «Հաստատ իմ անունն են սխալ գրել, ոչ առաջին անգամն ա, ոչ վերջինը», ֊մտածեցի ու մոտեցա ես։ Ինձ դիմավորում էր AIESEC-ից իմ պատասխանատու վիետնամցի երիտասարդը՝ Մաքսը։   Մաքսն ասաց, որ տաքսի կպատվիրի ու ինձ կուղեկցի հյուրանոց, որ  AIESECն էր գտել ինձ համար։ Դուրս եկանք օդանավակայանից ու հայտնվեցի մի լրիվ ուրիշ աշխարհում։
-Ահա, տաքսիդ եկավ։ Դու գնա, ես իմ մոտոյով ձեր հետևից կգամ, — ասաց Մաքսն ու մատով ցույց տվեց քիչ հեռու կանգնած մոտոցիկլը, որին նստած պապիկը ինձ ժպտալով մեկնեց սաղավարտը։
-Այ քեզ կինոոո, — ես առաջին անգամն էի այդքան մոտիկից մոտոցիկլ տեսնում (հնդիկ առաքիչներ Երևանում այդ ժամանակ չկային)։

Ամեն օր մոտո֊տաքսիով (Grab) գնում էի աշխատանքի ու վերադառնում։


Բա ճամպրու՞կս, — հարցական նայեցի Մաքսին:
-Տուր էստեղ, — անգլերեն ասաց մոտո֊տաքսու վարորդն ու ճամպրուկս դրեց գոգը։
Ես դեռ հետո պիտի բացահայտեի, որ այստեղ ամեն հավանական ու անհավանական բան կարելի էր տեղավորել մոտոցիկլի վրա` նույնիսկ 4 հոգանոց ընտանիք իրենց շունիկի հետ միասին։ Ցավոք, այդ տեսարանի լուսանկար չունեմ, բայց հուսով եմ՝ կհավատաք խոսքիս։

Օդանավակայանից մինչև հյուրանոց ճանապարհն ինձ համար իսկական մշակութային շոկ էր։ Հազարավոր մոտոներ, անվերջ ազդանշաններ, մարդկանց հոսք, տրոպիկական խոնավություն ու ահավոր շոգ… Այս ամենը մի պահ գլխապտույտ առաջացրեց ու ես ավելի ամուր բռնվեցի մոտոցիկլի նստատեղից։

Հյուրանոց հասնելուց հետո վարորդին հարցրեցի որքան պիտի վճարեմ։ Պատասխանը` 45 000 դոնգ սկզբում չափազանց շատ թվաց։ Հետո պիտի հասկանայի, որ Վիետնամում միլիոնատեր դառնալը հեշտ է, իսկ միլիոնները ծախսելը՝ ավելի հեշտ։ 

Մաքսը զանգեց ինձ.

֊Հասա՞ր։ Ես ճանապարհին կորցրեցի ձեզ։ Դե եթե արդեն հասել ես, տեղավորվիր, եթե խնդիր լինի, զանգի։ Վաղը առավոտյան կգամ քեզ ուղեկցեմ ավտոկայան, որ ավտոբուսով գնաս Վունգ Տաու։ ֊Լաաավ, շնորհակալ եմ, ահագին օգնեցիր Մաքս ջան։

Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցն ինձ ուղեկցեց ամրագրած սենյակը։ Ինչպես պարզվեց, դա այն սենյակը չէր, ինչ ես էի պատկերացնում։ 

Sunland հյուրանոց Սայգոնում

Իրականում սենյակ անունը մի քիչ չափազանցված էր։ Ավելի շուտ այլմոլորակայինների մասին ֆիլմից տիեզերանավի խուց էր, որտեղ ամեն ինչ այնքան խնամքով էր տեղավորված, որ ավելորդ ոչ մի սանտիմետր չկար։ Մահճակալը, դարակները, լույսերը, օդափոխությունը՝ ամեն ինչ հարմարավետ ու մաքուր էր, իսկ դուռը ներսից փակվում էր` ամուր ու ապահով։ Բայց միայն մի պահ պատկերացրի ինձ այդ խցում ներսից փակված, ու ձեռք բերեցի կլաուստրոֆոբիա։ Պատկերն ամբողջացավ, երբ վերևի խցում տեղավորված տղամարդը նստեց ու ոտքերը կախեց մինչև իմ մահճակալը։

֊Չունե՞ք սենյակ` նորմալ հյուրանոցային սենյակ։ 

֊Հա իհարկե, բայց 10անգամ ավելի թանկ ա, հաստա՞տ ձեզ հարմար ա։ 

֊Հա, հա, ես դեռ նման անձնազոհության պատրաստ չեմ։ 

Ինձ ուղեկցեցին սովորական ու նույնիսկ ակնկալիքներս գերազանցող մի սենյակ, ու ես հանգիստ շունչ քաշեցի։ Պատուհանից նայեցի, դրսում անձրև էր սկսվել։ Ուրախացա։ Մի ուրիշ սեր ունեմ անձրևի հանդեպ։ Հիշեցի, որ հեռախոսս պետք էր լիցքավորել, լիցքավորիչը չգտա. պարզվեց քույրս պայուսակից հանել ու մոռացել էր հետ դնել։ Տխրեցի։

Առաջին տպավորությունը Սայգոնից

Լողացա, հագուստս փոխեցի ու որոշեցի դուրս գալ հեռախոսի լիցքավորիչ գտնելու ու ընթրելու։ Դուրս եկա հյուրանոցից ու քայլեցի դեպի չգիտեմ ուր։ Հեռախոսս արդեն անջատված էր, ոչ քարտեզ ունեմ, ոչ էլ անցորդներն են անգլերեն խոսում։ Քայլում եմ ուղղակի ու կողքերս նայում։ Ամեն ինչ այնքան նոր ու ուրիշ է` գույները, շենքերը, մարդիկ։

Անձրևից հետո օդը ավելի էր ծանրացել, ասես հսկայական շոգեբաղնիք լիներ Հո Շի Մինը։ Քաղաքի օդում տապակած մսի հոտ էր, որ մի կողմից էլ ավելի էր ծանրացնում օդը, մյուս կողմից հիշեցնում, որ շատ սոված եմ։

Փողոցն անցնելը առանձին փորձություն էր։ Ասես համակարգչային խաղ լիներ՝ պիտի ճիշտ հաշվարկես, պահը բռնես ու վազես, որ ընթացքում ոչ մի մոտոյի չդիպչես։ Ընթացքում մի ձեռքդ պարզում ես դեպի երթևեկությունը` հավատալով, որ անտեսանելի ուժով պաշտպանում ես քեզ վրաերթից, մյուս ձեռքով` ամուր բռնում պայուսակդ, որ հետևից անցնող մոտոյից չբռնեն ու տանեն։

Քայլում եմ այդպես մինչև մի տեխնիկայի խանութ եմ տեսնում։ Աշխատակիցը ներսից ինձ նկատում ա ու առաջ վազում, ժպտում ա, դուռը բացում ու ինձ բարևում։ Ներս եմ մտնում։

֊Սպասեք, սպասեք, կոշիկները, ֊ ասում ա ու ցույց տալիս մուտքի մոտ շարված կոշիկները։

Խանութների, գեղեցկության սրահների, ատամնաբուժարանի ու անգամ դպրոցի մուտքի մոտ հարկավոր է հանել կոշիկները։

֊Հանե՞մ, ֊ զարմանում եմ ու խելոք հանում։

Առնում եմ հեռախոսիս համար լիցքավորիչ ու վճարում 150 000 դոնգ։ Ես դեռ չեմ վարժվել Վիետնամական գումարին ու ինձ դեռ թվում ա` մի հեռախոսի գին ա։ Վաճառողուհին գումարը երկու ձեռքով վերցնում ա, շնորհակալություն հայտնում և մանրը վերադարձնում 2 ձեռքով` ի նշան հարգանքի։

Դուրս եմ գալիս խանութից ու հասկանում, որ հեռախոսիս հարցը լուծեցի, մնում ա ստամոքսս լիցքավորեմ։

Արդեն մթնում էր։ Մարդիկ դուրս էին եկել տներից` փոքր֊ինչ հովանալու։ Մայթերին դրված փոքրիկ պլաստմասե սեղանների շուրջ նստած ուտում էին, գարեջուր խմում, զրուցում։ Դրսում լիքը կյանք ու աղմուկ կար, կարծես ամբողջ քաղաքը դրսում լիներ։ Քայլում եմ փողոցում ու նայում ոնց են մարդիկ հակահիգենիկ պայմաններում ուտում ինչ որ անհասկանալի բաներ։ Դեռ չգիտեի, որ շուտով սիրահարվելու եմ վիետնամական սթրիթ ֆուդին (փողոցի ուտելիք)։

Ես, որ միշտ առողջ սննդի կողմնակից եմ  եղել, տեսնում եմ հեռվում միակ ծանոթ բան`  KFC։ Դե ինչ` վիետնամական խոհանոցը վաղը կբացահայտեմ։ Մտնում եմ ու պատվիրում ընթրիք։ Կյանքում առաջին անգամ ֆասթ ֆուդն այնքան ապահով ու հարազատ էր թվում։ 

Հետո որոշեցի մի քիչ էլ շրջել քաղաքի կենտրոնում ու հայտնվեցի Café Apartment-ում։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում եմ։

Հին, մի քիչ մաշված արտաքինով բազմահարկ բնակելի շենք էր, որի բնակարանները վերածվել էին առանձին սրճարանի ու տեստորանների։ Շենքի նեղ պատշգամբները, իրար կողքի ու վերև-ներքև դասավորված սրճարանները մի տեսակ կարծես ուղղահայաց փոքրիկ քաղաք լինեին։ Բարձրանում ես հարկերով ու անցնում մեկը մյուսից հետաքրքիր սրճարանների կողքով։ Ես էլ մտա դրանցից մեկը, նստեցի ու պատվիրեցի լիմոնախոտով ու դեղձով թեյ։ Այդ օրը առաջին անգամ էի փորձում այսպիսի անսովոր համադրություն։ Թեյը թարմ էր, անսովոր հոտով, չափավոր քաղցր ու թթվաշ` մի քիչ տարօրինակ՝ ինչպես այդ պահին ինձ թվում էր ամբողջ Սայգոնը։

Trà đào cam sả — վիետնամական սառը թեյ` դեղձով ու լիմոնախոտով

Թեյս խմեցի, մի քիչ հանգստացա ու վերադարձա հյուրանոց։ Հաջորդ առավոտ արդեն պետք էր ճանապարհ ընկնեի դեպի Վունգ Տաու՝ Հո Շի Մինից մոտ 85 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծովափնյա քաղաքը, որտեղ պիտի ապրեի ու աշխատեի առաջիկա մեկ տարին։

(0)
Post a comment0Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!