Կամինո դե Սանտիագո

Ուխտագնացությու՞ն, թե՞ մարտահրավեր

Սիրում ե՞ս քայլել և բացահայտել աշխարհն ու քեզ, ուրեմն Կամինոն քեզ կհետաքրքրի։ Այն ուխտագնացություն է դեպի Իսպանիայի Սանտիագո քաղաք։ «Camino» իսպաներեն նշանակում է ճանապարհ, իսկ «Santiago»-ն Սբ Հակոբ առաքյալն է, որի գերեզմանը, ըստ ավանդության, գտնվում է Գալիսիա համայնքում` Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում։ 

Արդեն 200 տարուց ավել աշխարհի տարբեր երկրներից ուխտավորները գալիս են Սանտիագո` ապաշխարելու, բուժվելու, Աստծուն ու իրենց հավատքին ավելի մոտ լինելու։  Սակայն Կամինոն ալյևս պարզապես քրիստոնեական ուխտագնացություն չի։ Այսօր շատերը այն սկսում են ճամփորդելու, իրենք իրենց գտնելու, նոր մարտահրավերներ հաղթահարելու, կոփվելու և Գալիսիայի բնությունը վայելելու համար։

Կամինոն ունի մի քանի ուղղություն` Պորտուգալական, Ֆրանսիական, Հյուսիսային և այլ։ Այն պարտադիր պետք է անցնել ոտքով, առնվազը վերջին 100 կմ֊ը։ Ուխտավորները քայլում են օրերով, օրական 20֊25 կմ, գիշերում են ալբերգեներում (ուխտավորների համար նախատեսված հյուրատներ), ծանոթանում Գալիսիական խոհանոցին ու կարմիր գինուն, ծանոթանում մարդկանց, բնությանն ու մշակույթին։

Շատ հաճախ կարելի է հանդիպել մեծ ուսապարկերով ու ձեռնափայտերով քայլող տարբեր երկրներից եկած ուխտավորներին` մենակ կամ խմբերով։ Նրանք սովորաբար հագուստի կամ ձեռնափայտի վրա ունենում են Կամինոյի խորհրդանիշը` ծովախեցգետին։ Այն խորհրդանշում է տարբեր ճանապարհները, որոնք միանում են մեկ կետում՝ ինչպես տարբեր մարդկային կյանքեր հանդիպում են Կամինոյի վրա։

Կամինոն ավարտվում է Սանտիագո դե Կոմպոստելա քրիստոնեական տաճարում։  Ահա թե ինչու տաճարի շրջակայքը միշտ մարդաշատ է` աշխարհի ամենատարբեր անկյուններից եկած ուխտավորներով և գրեթե անհնար է ունենալ լուսանկար, որտեղ հետին պլանում լիքը մարդ չկա ։))

Ես իհարկե չեմ քայլել այս ամբողջ ճանապարհը, բայց միայն տաճար այցելելն արդեն իսկ շատ տպավորիչ է։ Կարելի է միայն պատկերացնել զգոցողությունները, երբ քայլում ես օրերով և վերջապես հասնում ես։

Կամինոյի սկզբում ուխտավորները ստանում են այսպես կոչված անձնագրեր։ Ճանապարհին ուխտավորները անցնում են հատուկ 《անցակետերով》,  որտեղ ստանում են կնիքներ` որպես ապացույց Կամինոյի այդ հատվածը հաջողությամբ հաղթահարելու համար։ Նրանք, ովքեր հաղթահարում են Կամինոյի առնվազը վերջին 100կմ֊ը,  անցնում բոլոր անցակետերով, 《կամինոյի անձնագրերում》 հավաքում բոլոր անհրաժեշտ կնիքները, ստանում են հավաստագիր։  

Սանտիագոն զբոսաշրջիկներից բացի լի է նաև երիտասարդ ուսանողներով։ Այստեղ են գտնվում հնագույն համալսարաններ ու գրադարաններ։ 

Քայլում ես քաղաքի հին, նեղլիկ փողոցներով, որտեղ գետինը սալաքարից է, իսկ շենքերի պատերը մաշված ու տեղ֊տեղ մամուռով պատված, և քեզ զգում ես պատմական ֆիլմի հերոս։ Քաղաքը ունի նաև հոտ` թարմ ծովամթերքի, տապակած սխտորի ու ձիթայուղի։

Մոտենում ես փոքրիկ սրճարանին ու նստում նեղ փողոցի եզրին մի կերպ տեղավորված փայտե աթոռակին։ Պատի տակ մի գծով շարված հարևան սեղանների շուրջ մարդիկ նստած բարձր զրուցում են, խմում գինի կամ գարեջուր, վայելում կռոկետաներ։ Պատվիրում ես մի բաժակ կորտադո (կաթով սուրճի իսպանական տարբերակը), մի կտոր Սանտիագոյի տորթ (նուշով թխվածք, որի երեսին շաքարի փոշով պատկերված է Սանտիագոյի խաչը) և հասկանում, որ երբեմն իսկապես պետք է դադարեցնել վազքդ ու ամեն ինչ հասցնելու մոլուցքդ, քայլել` կողքերդ նայելով ու մանրուքներ նկատելով, անշտապ վայելել ճանապարհը ու չկենտրոնանալ միայն վերջնակետի վրա։ 

Եթե հայտնվեք Սանտիագոյում, խորհուրդ կտամ անպայման ճաշել La Galiciana ֆուդկորտում։ Այստեղ կգտնեք Գալիսիական և աշխարհի այլ երկրների խոհանոցների շատ համեղ ուտեստներ և խմիչքներ։

(0)
Post a comment0Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!