Թե ինչպես գնացի Իսպանիա, բայց եկա գալիսիա
Ի՞նչ ես պատկերացնում առաջին հերթին, երբ ասում ես Իսպանիա։
Իհարկե, արև, նարինջներ, ցլամարտ, վառ գույներ, ուրախ ռիթմեր, կրքոտ պարեր ու գինի, շաաաատ գինի։ Ահա թե ինչ էի ակնկալում տեսնել, երբ տեղափոխվում էի Իսպանիայի Վիգո քաղաք բնակվելու։

Օգոստոսի վերջն էր։ Երբ օդանավը իջավ, Վիգոյում մառախուղ էր ու անձրև։
֊Բարի գալուստ Գալիսիա։ Այստեղ անձրևը բնավորություն է, ֊ եղավ բացատրությունը։

Գալիսիան Իսպանիայի հյուսիսում է` Պորտուգալիայի սահմանին, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քարտեզում սա Իսպանիան է, այստեղ գործում են իսպանական օրենքները։ Բայց Գալիսիան ապրում է ուրիշ ռիթմով` ավելի դանդաղ, ավելի խորը, ավելի լուռ։
Գալիսիան միացել է Իսպանիային հարյուրամյակներ առաջ, բայց երբեք չի կորցրել իր ներքին անկախությունը։ Այն չի պայքարում Իսպանիայից առանձնանալու համար, բայց նաև չի ձուլվում։ Գալիսիան ունի իր դրոշը, իր լեզուն, իր ավանդույթներն ու տոները։ Պետական լեզուն այստեղ իսպաներենից բացի նաև գալիսերենն է, որը ընդհանրություններ ունի և Իսպաներենի, և Պորտուգալերենի հետ։ Որպեսզի պատկերացնեք տարբերությունը, օրինակ բերեմ բոլորիս հայտնի Feliz Navidad ( Շնորհավոր Ամանոր) արտահայտությունը, որը գալիսերեն Bo Nadal է։

Գալիսիայի մշակույթը ծագում է կելտականից։ Ազգային հագուստը պարզ ու համեստ, ավելի գեղջկական է։ Գալիսիական երաժշտական գործիքներն ու երաժշտությունը ինձ ավելի շատ շոտլանդական լեռնային տրամադրություն են հիշեցնում, քան իսպանական։ Ես միանգամից սիրահարվեցի այս խմբին ու նրանց նվագին, երբ շատ պատահաբար հայտնվեցի մեր թաղամասում բերքի տոնին։ Հուսով եմ` ձեզ էլ դուր կգա։
Գալիսիան ունի իր յուրօրինակ ուտեստներն ու խմիչքները։ Ուտեստներից ամենահայտնիներն են գալիսիական խաշած ութոտնուկը, որ մատուցում են առատ ձիթայուղով ու կծու կարմիր պղպեղով։ Այլ ուտեստների մասին անպայման կպատմեմ առանձին նյութով։

Գալիսիայում սիրում են պատրաստել են տարբեր լիկյորներ` սուրճի լիկյոր (licor café), օրուխո կրեմ (crema de orujo), բուսական լիկյոր (licor de hierbas)։ Դրանք խմում են ճաշից հետո` որպես աղանդեր, փոքր բաժակներից փոքր կումերով (չուպիտո)։

Շատ բաներով Գալիսիան ինձ հիշեցնում է իմ հայրենի Լոռին` սարերը, անտառները, գետերն ու լեռնային գիժ քամիները։ Մարդիկ էլ շատ պարզամիտ, ջերմ ու բարի են։
Այսպիսով` Գալիսիան Իսպանիայի մաս է, բայց մեր պատկերացրած Իսպանիայից այնքան ուրիշ։

Luluberto
7 Հուլիսի, 2026at 6:56 ա.It is an amazing area in Spain! I found it because your post 😀
Post a comment1Comment
Your email address will not be published.
Required fields are marked *