Թղթախաղ և մշակույթ
Տուտեն իսպանական թղթախաղ է, որ տարիներ շարունակ խաղում են ընտանիքներում, ընկերների հետ, բարերում։ Այն այսօր էլ հայտնի և սիրելի ժամանց է, հատկապես տարեցների համար։
Խաղում են հատուկ Տուտեի համար նախատեսված խաղաթղթերով։

Խաղը ընթանում է չորս հոգով՝ երկու զույգ։ Հաղթողները անցնում են հաջորդ փուլ, մինչև վերջապես հասնում են եզրափակիչին, որտեղ հաղթող զույգին սպասում է սահմանված մրցանակը։ Շատ հաճախ թիմակիցները տարեց ամուսիններ են, որոնք տարիների փորձով իրար հրաշալի հասկանում են իրար, նույնիսկ առանց խոսքերի։
Bar 59-ում Տուտեի մրցաշարի ականատես եղա։ Իսկական շոու էր։
Սեղանի շուրջ նստած մարդիկ կատակում են, բարձր ծիծաղում, երբեմն բորբոքված վիճում և հայհոյում (դե էլ ի՞նչ Իսպանիա առանց հայհոյանքի)։ Այստեղ ամեն ինչ անկեղծ է՝ ոգևորությունը, ուրախությունը, անգամ զայրույթը։

Ընդմիջումների ժամանակ մասնակիցները մոտենում են բարին, վերցնում գարեջուր ու մի կտոր թունայով էմպանադա (իսպանական կարկանդակ), հանգիստ զրուցում, հետո նորից վերադառնում խաղին։

Այս ամբողջ ընթացքում նրանք հասցնում են նաև աչքի պոչով հետևել հեռուստացույցով ընթացող ֆուտբոլին և քննարկել խաղը։

Կարելի է ասել, որ այս ամենը՝ գարեջուրը, թղթախաղը, ֆուտբոլը և աղմուկը միասին կազմում են իսպանական կյանքի ամենակոլորիտային դրվագներից մեկը։ Ի դեպ՝ ես այդպես էլ չիմացա, թե ով հաղթեց այս անգամ, և ինչ էր խոստացված մրցանակը, քանի որ չդիմացա մինչև վերջը։ Խաղն ավարտվել էր գիշերվա 2֊ին։

Post a comment0Comments
Your email address will not be published.
Required fields are marked *