Գուլաս

Ընթրիքին ձու՞կ, թե՞ որդեր

Ես շատ եմ սիրում նոր ուտելիքներ փորձել։ Շատ հազվադեպ են դեպքերը, երբ անծանոթ ուտեստը այն աստիճանի դուր չի գալիս, որ կիսատ եմ թողնում։ Իսկ այս պատմության մեջ ես ոչ միայն նախընտրեցի սոված մնալ, այլև բավականին երկար ժամանակ չէի կարողանում ոչինչ ուտել։

Եթե դեռ չգիտեք, ամուսինս իսպանացի է, ու մենք ապրում ենք Իսպանիայում։
Մի երեկո որոշեցինք ընթրել ռեստորանում։ Ամուսինս պատվիրեց իսպանական հետաքրքիր ուտեստ, որ նախկինում երբեք չէի փորձել՝ գուլաս (gulas) շամպինյոնով և ձվով։ Առաջին հայացքից այն բավականին հետաքրքիր տեսք ուներ, ձկան համ և ծամելիս ասես ռետին լիներ ։


— Ի՞նչ ա սա։
— Գուլաս, կեր,֊ հանգիստ պատասխանեց։

Շարունակեցի ուտել, բայց ինչ֊որ տարօրինակ զգացողություն ունեի։ Երբ պատառաքաղով առանձնացրի սունկն ու ձուն, ափսեում մնացին երկարավուն մոխրագույն անձրևորդեր․
— Ճիճուներ ե՞ն, ես քեզ կսպանեմ, ֊ կերածիս ամեն մասնիկի համար զզվանք ապրելով հարցրեցի։
— Չէ, երդվում եմ, ճիճուներ չեն։ Կե՛ր, համով ա, — պատասխանեց նա ու շարունակեց հավեսով ուտել։
Բայց ես որոշեցի ամեն դեպքում գուգլել։

Բացվեց գուլասների(gulas) և անգուլասների (angulas) լուսանկարներ, որոնք չփարատեցին իմ կասկածները։
Ես զզվանքով ափսեն մի կողմ հրեցի։
Ամուսինս սկսեց ծիծաղել ու բացատրել։ Գուլասները իրականում ձկան մսից պատրաստված երկարավուն «լապշաներ» են, որոնք ստեղծվել են որպես «անգուլասի» էժան կրկնօրինակ։

Իսկ ի՞նչ ա անգուլասը, կհարցնեք դուք։ Անգուլասները օձաձկների ձագերն են, որոնք Իսպանիայում համարվում են իսկական դելիկատես։ Դրանք շատ թանկ են՝ կիլոգրամը 1200 — 2000 եվրո։ Դրա համար սովորական ձկան մսից պատրաստում են դրանց կեղծ նմանակները։
Այսինքն՝ այն, ինչ ես ուտում էի, իրականում պատրաստված էր ձկան մսից։ Բայց աչքիս արդեն միայն ճիճուներ էին երևում։
Այդտեղ ընթրիքն ավարտվեց, որովհետև այլևս ոչինչ չկարողացա ուտել և տհաճության զգացողությունը դեռ երկար շարունակեց մնալ։

Մի օր մեր թաղամասում նույնիսկ անց էր կացվում անգուլասների փառատոն։ Հետաքրքրությունից դրդված գնացի տեսնելու։ Մարդիկ իրոք հերթ էին կանգնել, որ վճարեն 35 եվրո մի փոքր չափաբաժնի համար և շատ գոհ ու երջանիկ ուտում էին։

Չնայած թվում էր, թե Վիետնամում ապրելուց հետո քիչ բան կարող է զարմացնել ինձ խոհանոցում, բայց ես դեռ պատրաստ չեմ փորձել այս ուտեստը։ Հետագայում գուցե երբևէ նման ցանկություն առաջանա։
Կարճ ասած, եթե երբևէ Իսպանիայում մենյուում տեսնեք «gulas», դրանք ճիճուներ չեն, ոչ էլ իրական օձաձկներ։ Բայց պատվիրելուց առաջ ամեն դեպքում մտածեք ։)))

Իսկ ո՞րն է ձեր երբևէ փորձած ամեմաանսովոր ուտեստը։

(2)
  • Teo
    Teo
    7 Հուլիսի, 2026at 9:50 ա.

    Actually, I would try angulas, why not? After eating worms in China, I don’t mind eels😂🐍

    reply
  • Amilo
    Amilo
    7 Հուլիսի, 2026at 9:59 ա.

    Գուլաս կփորձեի, եթե վստահ լինեի, որ ձուկ ա, բայց օձաձուկը` հաստատ չէ)))

    reply
Post a comment2Comments

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!