Բար 59

Ընտանեկան բարի պատմություն

Գալիսիան տարբերվում է ամբողջ Իսպանիայից իր խոհանոցով, գինեգործական ավանդույթներով և առանձնահատուկ ջերմ հյուրընկալությամբ։ Այս ամենը մի տեղում հանդիպեցի, երբ առաջին անգամ եկա Սալսեդա դե Կասելաս քաղաքի Բար 59-ը։ 

Անվանումը պատահական չի ընտրված` բարի պատմությունը սկսվել է 1959 թվականին։ Այն բացել և երկար տարիներ աշխատացրել է ներկայիս տիրոջ՝ 60 ամյա Ֆաուստինո Մարտինեսի տատիկը։ Ֆաուստինոյին բոլորը Տինո են անվանում, և առանց նրա այժմ անհնար է պատկերացնել բարն ու թաղամասը։
— Այն ժամանակ թոշակը բանկոմատից չէին կանխիկացնում ինչպես հիմա։ Ամեն ամիս փոստատարը բերում էր թոշակները և ցուցակով բաժանում։ Թաղամասի թոշակառուների և փոստատարի հանդիպման վայրը հենց տատիկիս բարն էր՝ Բար 59ը,– պատմում է Տինոն։ Նրանք հավաքվում էին այստեղ, խմում գարեջուր կամ տնական գինի, զրուցում և սպասում թոշակի իրենց հերթին։ 


Այդ տարիներից շատ բան է փոխվել աշխարհում, սակայն Բար 59-ում կարծես ժամանակը կանգ է առել։ Այստեղ դեռ զգում ես հին ժամանակների ոգին ու անշտապ կյանքը։
— Արդեն 40 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում։ Ես սիրում եմ այս վայրը։ Այստեղ միշտ կյանք կա, մարդիկ կան, զրույցներ կան։ Սա ինձ համար պարզապես աշխատանք չէ։ Սա արդեն իմ կյանքն է։

Բար 59-ում ընտանեկան ավանդույթները շարունակվում են։ Խոհանոցում այսօր էլ կարելի է հանդիպել Տինոյի մորը, սենյորա Լոլային, ով արդեն 84 տարեկան է, բայց շարունակում է պատրաստել ավանդական գալիսիական ուտեստները և ինձ պես հետաքրքրասեր հաճախորդներին պատմել հետաքրքիր պատմություններ։

Տինոյի որդին՝ Բրայսը թեև այլ աշխատանք ունի, բայց ազատ ժամանակ գալիս է բար՝ հորը օգնելու։ Նա փաստորեն ընտանիքի 4-րդ սերունդն է, որ աշխատում է բարում։ Ասում է, որ երբեք չէր մտածել այս ամենի մասին և իմ հարցերը նրան սկզբից զարմացրին, հետո ուրախացրին, որովհետև ինքը նախկինում երբեք այդքան չէր խորացել բարի և իր ընտանիքի պատմության մեջ։

Բրայսը խոստովանեց, որ սա հոր և տատիկի հետ արված առաջին լուսանկարն է, ու խնդրեց՝ իրեն էլ ուղարկեմ։

Բար 59-ում կարելի է ճաշակել Գալիսիայի ամենահայտնի ուտեստներից մեծ մասը ՝ Pulpo (գալիսիական ութոտնուկ), carne asada (տապակած տավարի միս), cordero (բանջարեղենի հետ եփված գառան միս), cocido (խաշած խոզի միս՝ բանջարեղենով)՝ միշտ թարմ և տնական ։

Կոսիդո՝ խաշած խոզի միս և չորրիսո՝ բանջարեղենով

Հետաքրքիրն ինձ համար այն է, որ Բար 59֊ում շաբաթվա ամեն օր ունի իր ճաշացանկը՝ երկուշաբթի կորդերոյի օրն է։ Երեքշաբթի մատուցվում է կոսիդո։ Չորեքշաբթին կառնե ասադայի օրն է։ Հինգշաբթին իմ ամենասիրած օրն է, երբ ութոտնուկ կարող ես ուտել։ Ուրբաթ և շաբաթ լոմո և կորդերո են մատուցում։ Իսկ կիրակի՝ կարող ես պատվիրել ցանկացած ուտեստ։ 

cunca — կունկա՝ գալիսիական գինու թաս

Ուտեստների հետ մատուցվում է տնական գինի՝ Գալիսիայի ավանդական cunca թասերով ։ Ճաշի ավարտը նույնպես ավանդական է։ Աղանդերի համար հյուրերին առաջարկվում է arroz con leche՝ կաթով ու բրինձով քաղցրավենիք։ Իսկ հետո՝ chupito, փոքր բաժակներով խոտաբույսերի, սուրճի կամ լիմոնի լիկյոր, որոնք նույնպես միշտ տնական են։

Arroz con leche — կաթով բրինձ, որն ուտում են դարչինով

Բար 59-ը միայն ուտելու կամ խմելու վայր չէ։ Այստեղ մարդիկ, հատկապես տարեցները շարունակում են հանդիպել, քննարկել օրվա նորությունները, դիտել ֆուտբոլային հանդիպումները, խաղալ տուտե և պարզապես միասին ժամանակ անցկացնել։
Այստեղ ջերմ և ընտանեկան մթնոլորտ է, ուր միշտ ուզում ես վերադառնալ։

Մեկնաբանություններ(1)
  • Angelika
    Angelika
    7 Հուլիսի, 2026at 9:53 ա.

    Ինչ հետաքրքիր է, որ թոռնիկը նախկինում չէր խորացել բառի պատմության մեջ։ բոլորս էլ հաճախ չենք գնահատում մեր ունեցածը, մինչև կողքի աչքով չենք նայում։ Շնորհակալություն պատմության համար

    reply
Post a comment1Comment

Your email address will not be published.
Required fields are marked *

Comment

Close Comments
More

This is a unique website which will require a more modern browser to work!

Please upgrade today!